2025 թվականի սկզբից ի վեր ռուսական բանակը գրավել է Ուկրաինայի տարածքի 0.77%-ը
Այս տարվա հունվարի 1-ից ի վեր ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի 4669 քառակուսի կիլոմետր տարածք, որը կազմում է երկրի ընդհանուր տարածքի 0.77%-ը (ընդհանուր առմամբ 603628 քառակուսի կիլոմետր)։ Այս մասին հայտնում է Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը (ISW): Այս ցուցանիշը 22%-ով ավելի է 2024 թվականի համեմատ, երբ ռուսական զորքերը գրավել են Ուկրաինայի 3734 քառակուսի կիլոմետր տարածքը:
Ռուսաստանի հարձակման արագությունը մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, չի ավելանա, փաստում են վերլուծաբանները։ Դա պայմանավորված է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի «գերակշռությամբ», որոնք գրեթե անհնարին են դարձնում ծանր տեխնիկայի օգտագործմամբ արագ բեկումների համար նախատեսված մանևրային գործողությունները և «ռուսական զորքերին ստիպում են ուժասպառ անող գրոհներ իրականացնել՝ հետևակը ոչնչացնելու համար»։
Մոսկվայի համար մի փոքր ավելի «հաջող» գնահատականներ է նախկինում ներկայացրել AFP գործակալությունը, որը նույնպես ուսումնասիրել էր ISW-ի և Critical Threats Project-ի տվյալները։ Այդ հաշվարկներով, 2025 թվականին ՌԴ-ն գրավել է Ուկրաինայի գրեթե 5400 քառ. կմ տարածք, ինչը մոտ 2000 քառ. կմ-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Ընդ որում, գնահատականում ներառվել են ինչպես այն շրջանները, որոնք, ըստ Կիևի և ռազմական վերլուծաբանների պնդումների, օկուպացված են Ռուսաստանի կողմից, այնպես էլ նրանք, որոնց նկատմամբ վերահսկողության մասին հայտարարում է ռուսական բանակը։ Ընդհանուր առմամբ, Մոսկվան նվաճել է Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ը՝ շուրջ 120 հազար քառ. կմ։
«The Economist»-ի հաշվարկներով, Ռուսաստանը պատերազմի սկզբից ի վեր կարող էր կորցրած լինել մինչպատերազմյան արական բնակչության միայն 1%-ը՝ զոհվածներով։ Պարբերականը բացարձակ թվեր չի ներկայացրել, բայց հաշվի առնելով մինչպատերազմյան վերջին մարդահամարի (2020-2021 թվականներ) տվյալները, այդ թիվը կարող է տատանվել մոտ 430 հազարից մինչև 680 հազար սպանվածի միջև։ ՆԱՏՕ-ի գնահատմամբ, ռուսական բանակում սպանվածների և վիրավորների ընդհանուր թիվը մինչև 2025 թվականի դեկտեմբերը մոտենում է 1,15 միլիոնի։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում