Թրամփը ՌԴ-ի դեմ ոչ ամենակոշտ պատժամիջոցներն է ընտրել Պուտինի՝ պատերազմը դադարեցնել հրաժարվելուց հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երեք տարբերակ է առաջարկվել, որոնցից նա ընտրել է միջին տարբերակը, The Wall Street Journal-ին (WSJ) հայտնել են տեղեկացված աղբյուրները։ Դրանց համաձայն՝ ամենակոշտ տարբերակն ուղղված է եղել ռուսական արդյունաբերությանը եւ բարձրաստիճան ղեկավարությանը, միջին տարբերակը՝ Ռուսաստանի էներգետիկ ոլորտին, իսկ ամենամեղմը ներառել է «սահմանափակ միջոցառումներ»։ Ի վերջո, Թրամփը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» եւ «Լուկօյլի», ինչպես նաեւ դրանց դուստր ձեռնարկությունների դեմ։
WSJ-ն հաղորդել է, որ Սպիտակ տան որոշման վրա ազդել են Ուկրաինային Ռուսաստանի հասցրած հարվածները, որոնք հաջորդել են նրա «լավ» հեռախոսազրույցներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Թրամփի համբերությունը սպառվել է, երբ նա եզրակացրել է, որ Պուտինը ժամանակ է ձգձգում։ Ինչպես նշել է CNN-ը, նախագահական վարչակազմում հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ քննարկումները տեւել են ամիսներ, բայց Թրամփն ինքը մինչեւ վերջ տատանվել է դրանք իրականացնելու հարցում։ Սպիտակ տան ղեկավարը վախենում էր նման միջոցառումների բացասական ազդեցությունից Պուտինի հետ հնարավոր բանակցությունների վրա։ Սակայն, Բուդապեշտում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը չեղարկելուց հետո, CNN-ի աղբյուրների փոխանցմամբ, Թրամփը խորհրդականներին ասել է, որ իր «բնազդները» իրեն հուշել են, որ ժամանակն է Մոսկվայի հետ հարաբերություններում այլ ուղղությամբ շարժվել։
Մեկնաբանելով նոր պատժամիջոցները՝ Պուտինը նշել է, որ դրանք «որոշակի հետեւանքներ» կունենան Ռուսաստանի համար, բայց էականորեն չեն ազդի մեր տնտեսական բարեկեցության վրա: Նա պնդել է, որ նման «անբարյացակամ» քայլը «չի ամրապնդում ռուս-ամերիկյան հարաբերությունները» եւ նախատեսված է քաղաքական ճնշում գործադրելու համար: «Ինքնահարգանք ունեցող ոչ մի երկիր կամ ինքնահարգանք ունեցող մարդ երբեք որեւէ բան չի որոշում ճնշման տակ»,- ընդգծել է Պուտինը:
Այնուհետեւ Թրամփը նշել է, որ իր սահմանած պատժամիջոցների ազդեցությունը տեսանելի կլինի վեց ամսից: Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել է, որ սահմանափակումները «բավական լուրջ են»: Վաշինգտոնն ակնկալում է, որ դրանք ճնշում կգործադրեն Ռուսաստանի վրա եւ տնտեսական վնաս կպատճառեն, եզրափակել է Լիվիթը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում