Ոչ մեկը «բռոն» չի ունենալու Արցախում, մոբիլիզացիայի ենթակա բոլոր քաղաքացիները պարտավոր են ծառայել. Հարությունյան
Ողունում եմ աշխարհազոր ստեղծելու գաղափարը, բայց Արցախում վաղուց արդեն բոլորն աշխարհազոր են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ ժամանակը չէ Արցախում նույնպես ստեղծել աշխարհազոր:
Նախագահը հիշեցրեց, որ Ապրիլյանի օրերին 10 հազարից ավել կամավորներ կային առաջնագծում. «Այսինքն, մեզ մոտ բոլորն աշխարհազոր են, դրա համար օրենքի ուժ տալու առումով քննարկումներ տարվում են, մենք սպասում ենք տեսնենք վերջնական տարբերակը և ինչպես ենք տեղայնացնելու Արցախում»:
Նա նաև հիշեցրեց, որ վարչապետի պաշտոնում կցագրման որոշումներ երբեք չի կայացրել. «Ավելի պարզ ասեմ, «բռոնյա» որ անում են, որ տվյալ անձը պատերազմի ժամանակ հնարավորություն ունի չծառայելու ու չմասնակցելու մարտական գործուղությունների, չզորակոչվելու: Ես այդպիսի որոշումներ չեմ կայացրել, իհարկե, այդպիսի որոշումներ վերջին ժամանակներում կայացվել են, և առաջիկայում այդ բոլոր որոշումները չեղյալ եմ հայտարարելու: Ոչ մեկը «բռոն» չի ունենալու Արցախում, բառը ճիշտ օգտագործեմ, որ իմանան: Մոբիլիզացիայի ենթակա մեր բոլոր քաղաքացիները պարտավոր են անհրաժեշետության դեպքում ծառայել»:

















































