Ռումբի մասին ահազանգերը կեղծ էին
Ռումբի մասին ահազանգ ստանալուց հետո փրկարարները շտապել են դեպքի վայր, սակայն որոնողական աշխատանքների արդյունքում այդպես էլ ոչինչ չեն հայտնաբերել։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր Արմավիրում միաժամանակ երեք վայրում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել։
Հայտնել էինք, որ այսօր, ժամը 10:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Արմավիր քաղաքի «Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում և «Վիգառո» խանութ սրահում ռումբ է տեղադրված։
«Դեպքի վայր է մեկնել Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԱԻՆ–ը տարհանման աշխատանքներ էր կատարել` ռումբի մասին ահազանգը ստանալուց հետո։

















































