Դա անհեթեթություն է. Արարատ Միրզոյանը՝ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գործընթացները քաղաքական հետապնդում համարելու մասին
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գործընթացները քաղաքական հետապնդման մասին հայտարարությունները որակեց անհեթեթություն: «Դա անհեթեթություն է»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը:
Անդրադառնալով հունիսի 16-ին Ազգային անվտանգության շենքի մոտ լրագրողների նկատմամբ ոստկանների իրականացրած գործողություներին, որի արդյունքում լրագրողները տուժել էին, Արարատ Միրզոյանն ասաց, որ ինքը միշտ եղել է ու կա լրագրողների անխոչընդոտ աշխատանքի պաշտպանը.
«Լրագրողների գործունեության խոչընդոտման որևէ փորձ դատապարտելի է: Ինքս մանրամասներին տեղյակ չեմ, կադրերը, որոնք դուք հիշատակում եք, չեմ տեսել: Լուրեր եմ տեսել դժգոհությունների մասին, դրան զուգահեռաբար լսել եմ կարծիքներ, որ ոչ մի առանձնակի բան չի արվել: Կրկնում եմ՝ ինքս կադրերը չեմ տեսել և սեփական դատողություններ չեմ կարող անել»:
Նրա խոսքով՝ գուցե այն պահին, երբ լրագրողները հարցազրույց են վերցրել , զգուշացվել և խնդրանք է եղել ազատել այդ տարածքը. «Գուցե հղում է արվել արտակագ դրության պայմաններում հավաքների իրականացմանը, բայց եթե լրագրողների իրավունքները խախտվել է, կարծում եմ՝ պետք է լինի ծառայողական քննություն» ,-ասաց նա:
Լրագրողի հարցին՝ կուսակցությունների գործունեությունը արգելող օրենքը կբերվի խորհրդարան, Արարատ Միրզոյանն ասաց՝ ոչ:

















































