Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից վճարներն առաջին եռամսյակում աճել են 11 տոկոսով
2020 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուները 245.6 միլիարդ դրամ են վճարել, ինչը 24 միլիարդ դրամ կամ 11 տոկոսով ավել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հունիսի 12-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը:
Ըստ նրա՝ աճը հավասարաչափ բաշխվել է բոլոր սուբյեկտների միջեւ: «Այսինքն, ցուցակի 100-րդ ընկերությունն այս տարի 13 տոկոսով ավել է հարկ վճարել, քան այն ընկերությունը, որը 100-րդ տեղում էր նախորդ տարի: Ինչ վերաբերում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին, ապա մարտին ընկերությունն հարկային պարտավորություններ է ունեցել, որոնց վճարումները պղնձի գների անկմամբ պայմանավորված ֆինանսական խնդիրների պատճառով հետաձգվել են: Այսօրվա դրությամբ բոլոր պարտավորությունները կատարվել են, եւ մինչեւ 2020 թվականի առաջին կիսամյակի ավարտն ընկերությունը կվերադառնա երկրի խոշոր հարկատուների առաջին հնգյակ կամ գուցե նույնիսկ առաջին եռյակ»,- ասաց նա:

















































