Քննարկումներ կան ոչ միայն բացօթյա սրճարանների, այլև ռեստորանների բացման մասին
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը ավագանու նիստի ժամանակ քաղաքապետից հետաքրքրվեց, թե ե՞րբ հնարավորություն կունենան աշխատելու բացօթյա սրճարանները, որին ի պատասխան քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն ասաց.
«Քննարկումներ կան ոչ միայն սրճարանների, այլև՝ ռեստորանների մասին: Վարչապետն այսօր ասաց, որ առաջիկա 10 օրվա ընթացքում տնտեսական գործունեության մի շարք տեսակներ կթույլատրվեն: Կարծում եմ, հստակ փաստաթուղթ չունեմ, որ մոտ ժամանակներս կվերաբացվեն նաև սրճարանները»,- ասաց Հարությունյանը:
Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը նկատեց, որ դա լավագույն նվերը կլինի քաղաքացիներին՝ այս ընկճված վիճակը հաղթահարելու առումով: Ինչ վերաբերում է հարկային տուրքերին, նա նշեց, որ գործունեությունը դադարեցրած տնտեսվարողները կարող են դիմել դրանց կասեցման համար:

















































