Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Ղարաբաղ. փոստի շենքը մեծ պապիս տունն էր…

Լուսինե Հովհաննիսյան

Մի անգամ, երբ շոգ ամառ էր, ու պատերազմը չէր խրել մագիլները Ղարաբաղի տների մեջ ու չէր հանել տների աչքերը` թողնելով լուսամուտների դատարկ շրջանակներ, հորս մայրը սկսեց պատմել մի հին պատերազմի մասին, որի անունը պատերազմ չէր, բայց աղետ էր: Նա սկսեց պատմել իր ընտանիքի պատմությունը ու չավարտեց այն մինչև իր 80-ամյակը, որովհետև կաթվածահար կենսագրությունները չեն ամփոփվում: Նրա պատմությունների հիմքում միշտ իրականությունն էր, իսկ մանրամասնություններն այնքան պարտադիր ու կարևոր էին, այնքան շքեղորեն գլխավոր ու իշխող, որ պատմության վերջում էական ասելիքն ու պատմության գլխավոր մարդկանց հագուստի թեզանիքի ժանյակներն իրարից բաժանել չէր լինում, որովհետև նա դրանք միացնում էր Ֆելինիից ոչ պակաս:

Մի անգամ, երբ շոգ ամառ էր, տատս սկսեց պատմել իր մանկության տան մասին… ու ինձ թվաց՝ հորինում է: Հետո ինձ այնքան դուր եկավ, որ ուզեցի` էլի հորինի, ու ես հավատացի իր ամեն ժանյակին, սփռոցին, զարդին, հարստությանը: Իմ ռուսերենի ուսուցչուհի տատը ծնվել է Ղարաբաղի Մյուրիշեն գյուղում: Հետո գնացել է սովորելու, և ուսուցիչ դառնալուց հետո նրան ուղարկել են Նոր-Շեն գյուղ՝ աշխատելու, որտեղ դպրոցի տնօրեն պապս անմիջապես կողմնորոշվել ու նրան դարձրել է իր կինը: Կողմնորոշվել է արագ ու շատ հմտորեն: Երբևէ ճոխության մեջ ապրած քսաներկու տարեկան աղջկան նա ցույց էր տվել իրենց տան հին սնդուկն ու ասել, թե մեջը լիքը արծաթ ու լավ կտորեղեն է, թե պահելու է նրան ճոխության մեջ, ու ջահել տատս հավանաբար հիշել է իր հոր տան կորցրած բարեկեցությունն ու համաձայնել: Ամուսնության հաջորդ օրը տատս բացել է սնդուկը ու տեսել մեջը մի փոքրիկ ցորենի պարկ: Հետո երբեք չի բողոքել, բայց երբ երես առած հարցեր էինք տալիս ու ուզում էինք իմանալ՝ լա՞վ ամուսին էր պապս, նա միշտ նույն բանն էր պատասխանում. «Լավ հայր էր»: Այսպիսով ամփոփում էր ամուսնության թեման:

Այ հենց այդ Նոր շեն գյուղում, երբ շոգ ամառ էր ու եռամսյա ամառային արձակուրդ, ու ես Երևանում, հերթական անգամ վճռականապես մերժել էի բոլոր ծովափնյա ու քաղաքային հանգիստները, որ ոչ մի օր չկրճատեմ աշխարհի ամենաշքեղ ազատությունից ու անկախությունից, որ տրվում էր ինձ այդ ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Մարտունու շրջանի Նոր շեն գյուղում, տատս մի անգամ սկսեց պատմել իր ոչ պրոլետարական մանկության մասին:

Նրա հայրը՝ Հայկ Մուսայելյանը, Մյուրիշեն գյուղի մեծահարուստն էր: Այս բառը կորցրել է իր նախնական իմաստը. նրա իմաստների ցանկից դուրս է մնացել «աշխատանք» բառը: Տատս պատմում էր իր հոր երկհարկանի, բարձր առաստաղներով տան մասին, որի վերևի հարկում վեց մեծ, լուսավոր սենյակ կար ու նույնքան սենյակ՝ ներքևի հարկում: Պատմում էր արտերի ու այգիների մասին, որ իրենցն էր, գյուղացիների մասին, որ աշխատում էին իրենց այգիներում, ու որոնց շատ սիրով էր վերաբերվում իր հայրը: Պատմում էր իր մոր՝ Մարիամի խաղաղության ու հագի սիրուն շորերի ու զարդերի մասին, սենյակների կահավորանքի մասին, որ իրենց հացը թխում էին գյուղացիները, հենց իրենց տան բակի թոնրում, իսկ իր մայրը փոխարենը բուժում էր բոլոր այդ կանանց երեխաներին, եթե հիվանդանում էին, օգնում էր բոլորին, ով դիմում էր, խոսում էր ցածրաձայն ու երբեք չէր բարձրացնում ձայնը ոչ մեկի վրա, ինչ էլ որ լիներ: Իր Մարիամ մոր մեծ լուսանկարը տատիս տրյումոյի գլխին էր միշտ: Պատմում էր Մոսկվայում ապրող գործարանատեր հորեղբայրների մասին, որոնք գալիս էին գյուղ իրենց կանանց հետ, ու տունը լցվում էր նոր կյանքով:

Ինձ միշտ թվում էր՝ նա հորինում է, մինչև ուրիշներից էլ լսեցի, որ մի պատվական մարդու աղջիկ է տատս: Բայց, մեկ է, ինքն այնքան էր իդեալականացնում իր մանկությունը, հորը, մորը, ուսյալ հորեղբայրներին, քույրերին, եղբորը, որ լիովին իրականություն լինել չէր կարող, բայց մանկական ուղեղի համար հաճելի էր լսել ու պատկերացնել բոլորն ու բոլորին:

Մինչև մի օր, երբ էլի շոգ ամառ էր, ու ես մանկությունից անցել էի պատանեկության, նա պատմեց, թե ինչ եղավ հետո, երբ խորհրդային իշխանությունը որոշեց կուլակաթափ անել իր պատվական հորը:

Այս մասից սկսած իմ մեջ հասունանում էր «կոնտրռեվուլյուցիան», ու իմ իմացած բոլոր վատ բառերով ես ուղեկցում էի տատիս արցունքախառը պատմությունը` իր շփոթված ու խեղճացած հոր ու այդպես էլ երբեք խաղաղությունը չկորցրած Մարիամ մոր մասին:

Իրենց հանում են այդ մեծ տնից ու մեծ ընտանիքը տեղավորում իրենց տան առաջին հարկի մի սենյակում, իսկ հետո վտարում են նաև այդտեղից ու տեղավորում ինչ-որ պահեստի ոջլոտ նկուղում: Իմ գրագետ տատը ռուսերեն նամակ է գրում ընկեր Ստալինին ու ամիսներ անց ստանում պատասխան, որ եթե ինքը հրաժարվի իր հորից ու ընտանիքից, իրեն կարող են թույլ տալ ապրել իրենց տան սենյակներից մեկում: Իմ տատը իր հոր մասին խոսելիս օժտվում էր անհավանական արտիստիզմով, զգացմունքայնությամբ, հպարտությունը իր նույնիսկ մատերի շարժումների մեջ էր հայտնվում՝ ի՞նչ հորից հրաժարվել: Բացառված էր:

Այս պատմությունն այնքան էր պատմվել, որ ես դարձել էի դրա մասնակիցը, վկան:

Հայկ Մուսայելյանի տան մասին միայն մի տվյալ ունեի՝ իրենից խլելուց հետո գյուղի փոստի շենքն էր տատիս հոր տունը խորհրդային երկար տարիների ընթացքում. ուրիշ ոչինչ:

Ու այս տվյալով` 2017թ-ի հունիսի երկուսին «Հետք»-ի լրագրողական կազմով որոշեցինք գտնել մեծ պապիս տունը:

Մյուրիշենը սարերում կորած, պատերազմից շատ վնասված, դատարկվող մի սիրուն գյուղ է: Տները մի հարթության վրա չեն: Աստիճանական դասավորված են ժայռոտ կտորի վրա, բարձր սարերի մեջ ու դատարկ լուսամուտի շրջանակներով տները հպարտ կույրերի պես փորձում են ինքնուրույն ապրել, առանց տերերի, դիմանում են քամուն, անձրևին, ձյանը, տապին: Նրանց դատարկ ակնախոռոչները ցավ են պատճառում նայողին ու դատապարտում: Նրանց հպարտությունը մեղադրող է: Դատարկ տների շարան. հին, սիրուն, մեծ տներ, որոնց ծպեղները մենակությունից քրքրվել են:

Բարձրանում ենք մոտավոր ուղղությամբ, որ մեզ ցույց են տալիս գյուղի մուտքի մոտ, ու ես, իմ տատի նկարագրածով, գալիս-կանգնում եմ մի տան դիմաց, որի վրա գրված էր «Գյուղապետարան»: Հրում եմ չկողպված դուռը, ընկերներս փորձում են հարցնելով գտնել՝ որն է Հայկ Մուսայելյանի տունը: Մտնում եմ, նայում եմ. նման է շատ տատիս նկարագրածին, բայց փոստի արկղը մի տուն այն կողմ է կախված: Ընկերներս արդեն անցել էին հումորների ու ասում էին, թե տատս չափազանցրել է, փոստարկղը միհարկանի, հողին կպած տան վրա է կախված: Իսկ ես համառորեն ելումուտ եմ անում «Գյուղապետարան» գրած հսկա տան բակում:

Գյուղում մարդիկ քիչ են. սպասում ենք մեկը անցնի՝ հարցնենք, բայց անցորդն էլ շատ ջահել էր լինելու կուլակ Հայկ Մուսայելյանի ու նրա տան մասին մի բան իմանալու համար:

Ինձ կանչում են ու ես գյուղապետարանի բակից, որին արդեն կպել եմ հոգով, դուրս եմ գալիս: Ինձնից ջահել մի տղայի մերոնք կանգնեցրել են ու հարցնում են, թե գյուղապետարանի շենքն ում տունն է եղել: Երբ մոտենում եմ իրենց, ասում են.

- Մամունց Հայկն ով ա. իրա տունն ա գյուղապետարանի տունը:

Մամունց Հայկ, ինչքան եմ լսել այդ անունը տատիցս: Այդպես էր կոչվում իրենց տոհմը: Ես գտել էի տատիս հոր տունը: Գտել էի միանգամից, թեև գրված էր ոչ թե «Փոստ», այլ՝ «Գյուղապետարան»: Նախկինում տուն, հետո՝ փոստ, հիմա՝ գյուղապետարան:

Տղան մեծերից լսել էր տիրոջ մասին, գիտեր տան պատմությունը, շատ հաճելի էր լսել, որ գիտեն, որ մեծերը պատմել են փոքրերին, փոքրերը մեծացել են ու պատմել ավելի փոքրերին: Ու տղային զարմացրեց, որ ես այդ մարդու ծոռն եմ: Տատս եթե տեսներ, կտարածեր իր արտահայտիչ մատները, որոնք հպարտություն էին ցույց տալիս ու մեծարում, կնայեր շուրջը, որ բոլորին լսելի դարձներ, թե ոնց են խոսում իր հոր մասին: Հիմա արդեն վստահ մտա գյուղապետարանի բակ, որտեղ մեծացել էր իմ տատը, որտեղ Հայկ Մուսայելյանը վեց երեխա էր ունեցել, որտեղ մեծացել էին տատիս Թամար, Մարգո, Զարուհի, Շուշանիկ քույրերն ու Ասլան եղբայրը, որտեղից գնացել են կրթվելու, որտեղ նրա Մարիամ կինը շորորացել է` իր սիրուն շորերով ու զարդերով, որտեղ աշխույժ է եղել բակը և մարդաշատ:

Ես մատներս սահեցնում էի պատշգամբի քրքրված փայտերի վրայով, հաշվում սենյակները. տատս չէր հնարել, այդպես էր ամեն ինչ:

Հետո էլի մարդիկ են մոտենում, հարցնում են, թե ով եմ: Զարմանում են, սկսում են պատմել մեծերից լսած պատմությունը. ինձ անսահման հաճելի է լսել մանկության էպոսի հերոսի մասին, որ նա լավն էր, որ սերնդեսերունդ պատմել են իր պատմությունը, որ հնարած չի եղել իմ լսած ամենաերկար հեքիաթը:

Հետո գտնում ենք գյուղի ամենատարիքով մարդուն՝ Միշա Մեժլումյանին: Մի ոտքը կտրած մարդ է: Երբ ներկայանում եմ ու խնդրում եմ պատմել ամեն ինչ, ինչ գիտի Հայկի մասին, Միշա Մեժլումյանը էպիկական մի հոգոց է հանում ու սկսում նրանից, որ մի շատ լավ, շատ բարի, շատ աշխատասեր մարդ էր Մամունց Հայկը: Հարուստ էր, բայց էս նորերի պես գող-ավազակ չէր, գյուղում առաջինն ինքն էր արթնանում, աշխատում էր բոլոր իր աշխատողների հետ հավասար, վարձատրում էր լավ ու բոլորին իր տան մեծ բակում կերակրում էր, օգնում էր` ով դիմեր որևէ հարցով, շատ բարի մարդ էր: Միշա Մեժլումյանի ամեն բառի հետ լարվածությունս անցնում էր: Ջահելների պատմածն ուրիշ է, այս ծերունին վկա է եղել, ու այնքան էի վախենում որևէ վատ բան լսել:

Միայն դրական բաներ պատմեց Միշա պապը: Ասում եմ.

- Ինչ հաճելի է, որ միայն դրական բաներ եք ասում, ինքը կարծում է, թե ասում եմ. «միայն գրական ասեք»: Նեղվում է մի պահ, որ ընդհատում եմ, ասում է. «դե, գրական կասեմ, ինչ կա որ»:

- Չէ,- ասում եմ,- ինչ եք ասում, լավ չլսեցիք, ասում եմ՝ ինչ հաճելի է, որ դրական եք ասում ամեն ինչ, ինչի՞ պիտի ուզեմ գրական խոսեք, դուք շատ սիրուն եք խոսում:

Էստեղ Միշա Մեժլումյանը ոգևորվում է ու մի հատ պինդ գոռում կնոջ վրա, որը համարձակվել էր հուշել, թե ես ինչ էի ասում: Փոքրամարմին, սիրուն, կանաչ աչքերով ծեր կինը բան չի պատասխանում, վեր է կենում, մոտենում ինձ ու ականջիս ասում է.

- Ժուռնալիստ ա տըսալ, օզյումա ասե, թա կարում ա ինձ իրա սյասը պիցըրցընե:

Մայրիշխանություն է Ղարաբաղում, պարոն Միշա Մեժլումյան, ինչքան էլ բղավեք ձեր` սիրուն, ծերացած կնոջ վրա:

Հետո, իմ արդեն սիրելի Միշա Մեժլումյանը ցույց է տալիս դիմացի արտերն ու թթենիները, ասում է.

- Այ էն ուղղանկյուն դաշտերը տըսնում ը՞ս. էդ ձերնա, կարում ըս՝ եկ քունդ սարքե:

Այստեղ ես ինձ առաջին անգամ կուլակի ծոռ եմ զգում ու հասկանում, որ դիմացի դաշտերն իմ մեծ պապինն են, հետևաբար նաև իմը: Ինչ խոսք՝ հաճելի զգացում էր:

Միշա պապը պատմեց մեծ պապիս երկու հարազատ եղբայրների մասին, որոնց ադրբեջանցիները սպանել են, երբ նրանք Մոսկվայից իրենց հայրական տուն հանգստանալու էին գալիս: Սպանել են մոտակա ադրբեջանական գյուղի բնակիչները, կառքի մեջ: Այդ երկու եղբայրների նկարները, բարեբախտաբար, ես տարիներ առաջ բերել էի իմ տուն ու կարող եմ ներկայացնել ձեզ, թե ինչպիսին են եղել իմ մեծ պապ Հայկ Մուսայելյանի երկու եղբայրները:

Իսկ հետո Միշա Մեժլումյանը պատմում է, որ երբ դեռ չէին խլել այս մարդուց իր ունեցվածքը, նա անցնում էր իր այգիների միջով ու տեսնում, որ գյուղի տղաները պոկում են իր խնձորն ու տանձը ու ասում էր, որ մի քիչ արագ հավաքեն, որովհետև հիմա էն պահակը գալու է «ճըղճըղա»: Այս մասը Միշա պապը պատմում է դեմքին հատուկ բարություն տալով, թե բա` այ էս տեսակ մարդ էր Մամունց Հայկը:

Ինչ լավ է, որ դու էսպիսին ես եղել, իմ մեծ պապ, ինչ շնորհակալ եմ, որ ընկերներիս մոտ քո մասին ոչ ոք մի վատ բան չպատմեց: Ինչ լավ է, որ դու ես եղել իմ մեծ պապը:

Ասում են` ամիսներ առաջ, Մամունց տան պատի մեջ՝ քանդված մասում, գտել են իր ժանգոտած նագանը: Ասում են` շպրտել են, ժանգոտած էր: Իսկ ես այդ նագանը կպահեի իմ տան ամենալավ պահարանում: Ափսոս:

Միշա Մեժլումյանն ասում է, որ արդեն կուլակաթափ լինելուց հետո՝ մահվանից առաջ, երբ Հայկ մեծ պապս անցել է իր այգիների միջով, փոքրիկ Միշա Մեժլումյանը ընկերների հետ նստած է եղել ծառի վրա, Մամունց Հայկը մի երկու տանձ է խնդրել երբևէ իրեն պատկանած ծառերից, տղաները պոկել, տվել են, սրբել է շալվարի փեշով ու կերել կուլակ Հայկը:

Իսկ վերջում, Միշա Մեժլումյանն ինձ շնորհակալություն է հայտնում, որ հասել եմ այստեղ, որ գտնեմ մեծ պապիս տունը: Ինքն է ինձնից շնորհակալ: Այ քեզ բան…

Տատս ամեն ինչ ճիշտ էր ասել: Միայն մի բան էր թաքցրել, ու ես Միշա Մեժլումյանից իմացա առաջին անգամ, նույնիսկ հայրս այդ մասին չգիտեր: Մամունց Հայկը, կուլակաթափ լինելուց հետո, սկսել է դժվար խոսել, ինչպես ասաց Միշա Մեժլումյանը՝ լեզուն կապ էր ընկել: Տատս երբևէ որևէ մեկին այդ մասին չի պատմել: Նա իր հոր արատը չէր պատմի ոչ մեկին: Տատիս շատ նման էր դա:

լուսանկարները` Հակոբ Պողոսյանի

hetq.am