Ռոբերտ Քոչարյանի գործով հետաձգված դատական հաջորդ նիստի օրը դեռ չի նշանակվել. դեռ պարզ չէ դատավորի վատառողջ լինելու պատճառը. պաշտպաններ
Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց՝ դատավորի վատառողջ լինելու պատճառով:
Այսօր Tert.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ մանրամասներ չի կարող ներկայացնել, քանի որ դատական նիստին չի մասնակցել, սակայն նշեց, որ դատավորի վատառողջ լինելու մասին տեղեկացել են հեռախոսով:
«Թե ինչ խնդիրներ են այս պահին՝ տեղեկացված չենք, բայց ակնկալում ենք, որ հաջորդ նիստին կիմանանք: Մենք պարզապես տեղեկացել ենք, որ ժամանակավոր անաշխատունակության մեջ է: Ամեն դեպքում դատավորին առողջություն եմ մաղթում»,-ասաց Օրբելյանը:
Հիշեցնենք, որ երեկվա նախատեսված դատական նիստում պետք է քննարկվեր Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը, քանի որ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես էին եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Tert.am-ի հարցին, թե արդյո՞ք պատահականություն է այս նիստի ժամանակ դատավորի չներկայանալը, երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը պատասխանեց՝ այդքան էլ հակված է այն մտքին, որ սա բնականոն երևույթ էր:
«Ավելի հակված եմ մտածել, որ այստեղ ինչ-որ բան հարմարեցված էր նիստը չկայանալուն: Չգիտեմ, ամեն դեպքում վերջնական տեսակետս կձևավորեմ, երբ դատավորը նիստի ժամանակ կներկայացնի իր բացակայության պատճառները»,- նշեց Ալումյանը:
Հարցին՝ արդեն որոշվե՞լ է, թե որ օրն էլ լինելու հաջորդ նիստը, Ալումյանը պատասխանեց, որ դեռ օրը նշանակված չէ:

















































