Օդային փոխադրամիջոցները ևս տրանսպորտ են
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ արձակուրդ է վերցնում և ամբողջությամբ ներգրավվում է ապրիլի 5-ի հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավին։
Tert.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գրիգորյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածում կետ կա, ըստ որի թույլ է տրվում հատուկ պետական պաշտպանության անձն արձակուրդի ընթացքում մասնակցի քարոզարշավի։
Դիտարկմանը, թե ինչպես է որոշվել քարոզարշավի ուղղաթիռով մեկնելը՝ խոսնակը պատասխանեց․ «Ինչպես գիտենք վարչապետը համարվում է հատուկ պետական պաշտպանության անձ և անվտանգության ապահովման համար օրենքով նրան տրվում է անհրաժեշտ միջոցներ։ Օրենքի կետում նշվում է, որ պետք է իրեն ապահովեն հատուկ կապով և տրանսպորտային միջոցով։ Տրանսպորտային միջոցի օրենքն էլ ասում է, որ օդային փոխադրամիջոցները ևս համարվում են տրանսպորտ: Հետևաբար, այստեղ օրենքի որևէ խախտում գոյություն չունի»։
Խոսնակը նաև նշեց, որ քարոզարշավ անցկացնելու համար արձակուրդը պարտադիր է։ «Այլ կերպ, ինչպե՞ս պետք է քարոզարշավ աներ»,- ասաց նա և հավելեց, որ տեղյակ չէ, թե վարչապետի հաջորդ այցը ուր է լինելու։

















































