Եվրախորհդրի և Եվրահանձնաժողովի ղեկավարները մարտի 9-ին Բրյուսելում կհանդիպեն Էրդողանի հետ
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը երկուշաբթի Բրյուսելում հանդիպում կանցկացնեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելու համար ներգաղթյալներին, Սիրիայում տիրող ճգնաժամին, անվտանգությանն ու տարածաշրջանային կայունությանն առնչվող հարցերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Եվրախորհրդի հաղորդագրությունը:
Ինչպես նշվում է Եվրախորհրդի ղեկավարի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, հանդիպումը մեկնարկելու է տեղի ժամանակով 18:00-ին (երևանյան 21:00):
Թուրքիան սիրիական Իդլիբում իրավիճակի լարվածության ֆոնին հայտարարել է, որ այլևս չի կարողանա զսպել ներգաղթյալների և փախստականների հոսքերը և բացել է ԵՄ-ի հետ իր դարպասները: Դրանից հետո հազարավոր ներգաղթյալներ շարժվել են դեպի Հունաստան: Թուրք-հունական սահմանին հարյուրավոր ոստիկաններ են հերթապահում:
Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի Մոսկվայում կայացել է Պուտին-Էրդողան հանդիպումը՝ նվիրված Իդլիբում իրավիճակի կարգավորման հարցին: Բանակցությունների արդյունքում կողմերը պայամանվորվել են հրադադար հաստատել սիրիական նահանգում և համատեղ հերթապահություն իրականացնել մարտի 15-ից:

















































