Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման սկանդալային օրինագիծը
Ազգային ժողովը մարտի 5-ին առաջին ընթերցմամբ քվեարկեց «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, ԱԺ-ից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը: Քվեարկության ժամանակ 92 խորհրդարանական աջակցեց այս օրենսդրական նախաձեռնությանը, 2-ը դեմ հանդես եկավ, եւս 18-ը ձեռնպահ մնաց:
Օրենսդրական փաթեթը իրավասու մարմնին՝ գլխավոր դատախազությանը հնարավորություն է տալիս համապատասխան հիմքերի առկայությամբ ուսումնասիրել գույքի ձեռքբերման օրինականությունը եւ այն բռնագանձելու պահանջով հայց ներկայացնել, եթե հայտնաբերվի, որ ձեռք բերված գույքը հիմնավորված չէ եկամտի աղբյուրներով, եւ որի արժեքը ներկայումս գերազանցում է 25 մլն դրամի շեմը: Այս օրենսդրական նախաձեռնության նպատակն է, հեղինակների հավաստիացմամբ, տնտեսական շրջանառությունից ապօրինի գույքը հանելը եւ այն օրինական սեփականատիրոջը վերադարձնելը, իսկ դրա բացակայության դեպքում՝ պետությանը:

















































