Կորոնավիրուսի կասկածով քաղաքացիները մեկուսացված են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում. Արսեն Թորոսյան
Մեկուսացված 32 անձինք Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում են: Այս մասին այսօր ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատման առաջին դեպքի վերաբերյալ ասուլիսին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախօրեին Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Հիվանդը Հայաստանի 29 ամյա քաղաքացի է, տղամարդ, որը կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին՝ Թեհրանից:
Բացի նշված քաղաքացուց մեկուսացվել են ևս 31 քաղաքացի՝ ուղևորին օդանավակայանից տեղափոխած քաղաքացին, շտապօգնության անձնակազմը, որը պացիենտին տանից տեղափոխել է հիվանդանոց և այլք:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվել էր Հայաստանի Հանրապետությանը։ Հյուրանոցը պատկանում էր Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին: 2018թի նոյեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) փաստով։

















































