Ցանցառապետության կյանքից. դրվագ 25
Ցանցառապետությունում կյանքը շարունակվում է նույն ձանձրալի եւ անհասկանալի տրամաբանությամբ: Ցանցառապետության առանցքը պողոսներն են, որոնց համար կազմակերպվում են զանազան բեմադրություններ՝ հուզական համապատկերը պահպանելու եւ նրանց հեշտությամբ մանիպուլյացիայի ենթարկելու համար:
Ոչինչ, որ մանիպուլյացիոն հնարքները շահագործող են, անարդար եւ էթիկայի նորմերից դուրս։ Կարեւորն այն է, որ պողոսները անեն այն կամ մտածեն այն, ինչ ցանկանում են ցանցառապետության առաջնորդները:
ՀՀ երկրորդ նախագահի դեմ «կարվել» է խայտառակ քրեական գործ: նա ապօրինաբար գտնվում է անազատության մեջ: Այս իրավիճակում մանիպուլյացիան անհրաժեշտ է պողոսներին ներշնչելու, համոզելու համար, որ սա բխում է հենց նրանց անվտանգության շահերից:
Բեմադրվում է մի ցածրակարգ ներկայացում, որի նպատակը ոչ միայն պողոսների վրա ազդելն է , այլ նաեւ յուրօրինակ ճնշում գործադրել դատավոր Լուսինե Աբգարյանի վրա, որը պետք է Ռոբերտ Քոչարյանի խափանման վերաբերյալ որոշում կայացնի:
Ցանցառապետությանը բնորոշ ցածրակարգ ներկայացումը տապալվեց: Այն ավելի ցածրակարգ էր, քան Նիկոլ Փաշինյանի եւ իր ընտանիքի «անհետացումը» կառավարական ամառանոցից կարճամետրաժ ֆիլմը: Չօգնեց անգամ այն, որ տեսարանը նկարահանվել էր երեք տեսախցիկով:
«Ռոբերտ Քոչարյանի աջակիցը «Մարտի 1»–ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել» վերնագրով ցածրակարգ ֆիլմը չտպավորեց անգամ պողոսներին։ Սա ցանցառապետության համար ամենածանր հարվածն էր: Պողոսները չհավատացին այս ամոթալի աստիճանի վատ բեմադրված ներկայացմանը:
Նույնիսկ ինքնաձիգի հայտնվելը կադրում ոչինչ չփոխեց հանրային ընկալման վրա: Ցանցառապետության ոստիկանությունը խայտառակ եղավ, ցանցառապետության առաջնորդները ամոթով մնացին:
Ցանցառապետությունը ցնցումների մեջ է:
Top-News.am

















































