Թրամփն իրեն համեմատել է ալ Բաղդադիի ոչնչացման ժամանակ աչքի ընկած շան հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Սպիտակ տուն կհրավիրի ծառայողական շանը, որն աչքի էր ընկել «թիվ մեկ ահաբեկիչ» Աբու Բաքր ալ Բաղդադիի դեմ գործողության ժամանակ, գրում է The Washington Post-ը:
Ելույթ ունենալով Միսիսիպիում՝ Թրամփն իրեն համեմատել է Քոնան անունով շան հետ և հայտարարել, որ ԶԼՄ-ները շանը շատ ավելի լավ են վերաբերվում, քան իրեն:
«Քոնանն ավելի շատ դրական հրապարակումների է արժանանում, քան ես, և ես ուրախ եմ դրա համար: Քոնանը մի քանի շաբաթից կայցելի Սպիտակ տուն»,- հայտարարել է Թրամփը:
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ շունը Սիրիայում ալ Բաղդադիի ոչնչացման գործողության ժամանակ վիրավորվել է: Զինվորականները վստահեցնում են, որ շունն առողջանում է:

















































