Թաիլանդի թագավորն աշխատանքից ազատել է 4 պալատականի՝ «չափազանց չար վարքագծի» եւ «անհավատարմության» համար
Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորնը շարունակում է Թագավորական պալատի զտումները: Նա աշխատանքից ազատել է եւս 4 պալատականի՝ «չափազանց չար վարքագծի» եւ «անհավատարմության» համար:
Fox News-ի հաղորդմամբ՝ պետական 2 ծառայող եւ 2 սպա հեռացվել են ծառայությունից եւ զրկվել զինվորական կոչումներից «անպատեհ» պահվածքի համար: Թաիլանդական «Royal Central» թերթի հաղորդմամբ՝ պետական ծառայողները պալատում աշխատել են որպես ննջասենյակի պահակներ եւ մեղադրվել են «չափազանց չար վարքագծի» եւ «ամուսնական անհավատարմության» համար: Մյուսները մեղադրվել են «իրենց կոչումների նկատմամբ անպատշաճ պահվածքի» համար:
Ավելի վաղ այս ամիս թագավորն աշխատանքից ազատել է 6 պալատականի, այդ թվում՝ ոստիկանության բարձրաստիճան աշխատակցի եւ 2 թագավորական պահակների:
Աշխատանքից ազատումների շարքը սկսվել է այն բանից հետո, երբ թագավորը տիտղոսներից եւ կոչումներից զրկել է իր պաշտոնական ֆավորիտուհի Սինեենատ Վոնգվաջիրապակդիին: Նրան մեղադրել են թագավորական օրենսդրության խախտման եւ թագուհի դառնալու «ամբիցիոզ» փորձերի մեջ:

















































