Իրանը սպառնացել է «երկրի երեսից ջնջել» Իսրայելին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իսրայելի ոչնչացումը «իրատեսական նպատակ է»: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Times of Israel-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ զինվորականը նշել է, որ Իրանին, իսլամական հեղափոխությունից չորս տասնամյակ անց, «հաջողվել է ձեռք բերել սիոնիստական ռեժիմը ոչնչացնելու ունակություն»: Սալամին հավելել է, որ հրեական պետությունը պետք է ջնջվի երկրի երեսից, և դա «այլևս երազանք չէ»:
Ըստ աղբյուրի՝ գեներալ-մայորն այդպիսի հայտարարություն է արել Թեհրանում կայացած Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների հանդիպման ժամանակ: Այդ մասին բարձրաձայնվել է Իրանի և ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների միջև աճող լարվածության ֆոնին:
Նշվում է, որ սեպտեմբերի սկզբին Իրանը մեղադրել է Իսրայելին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեջ:

















































