Ավստրիայում արտահերթ ընտրություններ են
Կիրակի ավստրիացիները քվեարկում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որի ֆավորիտն է երկրի նախկին կանցլեր, Ավստրիական ժողովրդական կուսակցության առաջնորդ Սեբաստիան Կուրցը, հաղորդում է Reuters-ը:
Ընդ որում՝ գործակալությունը նշում է, որ Կուրցի լիարժեք հաղթանակի համար անհրաժեշտ կլինի գտնել կոալիցիոն գործընկեր:
Ընտրություններն անցկացվում են Ավստրիական ազատության կուսակցության եւ Կուրցի կուսակցության միջեւ կոալիցիայի լուծարումից հետո մայիսին սկանդալային տեսանյութի հրապարակման հետեւանքով, որից հետո հրաժարական էր տվել Ավստրիական ազատության կուսակցության ներկայացուցիչ, փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեն:
Ինքը՝ 33-ամյա Կուրցը ներգրավված չի եղել սկանդալում եւ անգամ ստացել է Ավստրիական ազատության կուսակցության էլեկտորատի աջակցությունը:
Հարցումների տվյալներով՝ Կուրցն առաջին տեղում է, որին հաջորդում են սոցիալ դեմոկրատներն ու «կանաչների» կուսակցությունը:
Ընթացիկ տարվա մայիսի վերջում Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենը հաստատել էր երկրի կառավարության հրաժարականը Կուրցի գլխավորությամբ:
Ավստրիայի կառավարությունում փոփոխությունները տեղի էին ունեցել, երբ մայիսի 27-ին Ազգային խորհուրդը (խորհրդարանի ներքին պալատ) անվստահության քվե էր ներկայացրել Սեբաստիան Կուրցի կառավարությանը կառավարական ճգնաժամի առնչությամբ նախկին փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեի հնչեղ հրաժարականի ֆոնին: Այդ ժամանակ Կուրցն Ավստրիայի ամենակարճ կառավարած կանցլերն էր. նա երկրի ղեկին էր 2017-2019 թվականներին 525 օրվա ընթացքում եւ գերազանցել էր նախկին կանցլեր Քրիստիան Քերնի հակառեկորդը, որի լիազորությունները տեւել են 580 օր 2016-2017 թվականներին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































