Մայք Փենսը վստահեցրել է՝ ԱՄՆ-ը հակված է Լեհաստանին Ռուսաստանից պաշտպանելուն
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը հակված է Լեհաստանին Ռուսաստանից պաշտպանելուն: Նրա խոսքով՝ դաշնակիցները պետք է ընտրություններին Մոսկվայի հնարավոր միջամտության հարցում «զգոնություն պահպանեն» եւ ռուսական էներգակիրներից անկախության հասնեն, հաղորդում է Reuters-ը:
«Հաշվի առնելով Եվրոպայում եւ ողջ աշխարհում ընտրություններին միջամտությունը կանխելու ուղղությամբ ջանքերը՝ ժամանակն է զգոնություն պահպանել Ռուսաստանի կողմից ձեռնարկվող մտադրությունների եւ գործողությունների հարցում»,- ասել է Փենսը:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի խոսքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները կասկածի տակ են դնում այն հարցը, թե արդյոք այդ երկրի հետ հարաբերությունները պետք է «սովորական» մնան:
«Ցավոք, վերջին տարիներին Ռուսաստանը գործողություններ է ձեռնարկել, որոնց ընդունակ չեն բոլոր նրանք, ովքեր հարգում են միջազգային իրավունքը»,- ասել է նա Փենսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Լեհաստանը Եվրոպայում Վաշինգտոնի մտերիմ դաշնակիցներից է եւ ապավինում է ԱՄՆ աջակցությանը: ԱՄՆ վարչակազմը համաձայնել է մեծացնել լեհական հողի վրա ռազմական ներկայությունը:
«Մենք գիտենք, որ բազմաթիվ ուղղություններով դեռեւս մեծ աշխատանք պետք է կատարենք: Չնայած նրան, որ տարիներ շարունակ բանակցություններ են անցկացվել, ռուսական զորքերը դեռեւս ապօրինաբար օկուպացնում է Վրաստանի եւ Ուկրաինայի մեծ մասը: Մոսկվան ձգտում է պառակտել մեր դաշինքը՝ օգտագործելով նավթի եւ գազի պաշարները: Լեհաստանը հստակ դիրքորոշում է զբաղեցրել, եւ այդ պատճառով մենք պետք է առաջ տանենք էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը»,- իր հերթին ասել է Փենսը:

















































