Ռուսաստանի՝ «ջրի տակ» հայտնված Խաբարովսկի երկրամասում երեխաները դպրոց են գնում նավակներով (լուսանկար)
Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասի՝ ջրի տակ հայտնված շրջաններում փրկարարները երեխաներին և նրանց ծնողներին օգնում են ուսումնական տարվա առաջին օրը դպրոց հասնել նավակներով, հայտարարել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մարզային կառույցից:

Ռուսական РИА Новости գործակալությունը գրում է, որ Խաբարովսկի երկրամասում և հարևան Հրեական ինքնավար շրջանում ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել:

Փրկարարները երեխաներին և նրանց ծնողներին օգնում են նավակներով հասնել դպրոց՝ մասնակցելու տոնական միջոցառումներին: Քանի դեռ ջուրը չի ցամաքել, փրկարարներն ամեն օր երեխաներին ջրի վրայով դպրոց են տեղափոխելու, ասվում է հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԻՆ-ի Հեռավոր Արևելքի ջոկատի մամուլի ծառայությունն էլ, իր հերթին, հայտարարել է, որ փրկարարները Խաբարովսկի երկրամասում և Հրեական ինքնավար շրջանում երեխաներին ձեռքերի վրա են հասցրել ավտոմեքենաների մոտ, որոնք էլ վերջիններիս տեղափոխել են դպրոց:

















































