Ֆրանսիայի ամբողջ տարածքում ավիաչվերթները հետաձգվել են համակարգչային խափանման պատճառով
Ֆրանսիայում թռիչքների պլանների ներկայացման համակարգի խափանումը հանգեցրել է չվերթների զանգվածային հետաձգման երկրի ամբողջ տարածքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը (DGAC):
«Համակարգչային խափանումը տեղի է ունեցել այսօր գիշերը՝ ժամը 02:30-ի սահմաններում, թռիչքների հսկողության կենտրոնում ավտոմատ ներկայացման համակարգում»,-ասվում է վարչության հայտարարության մեջ, որում, մասնավորապես, ընդգծվում է, որ դա որեւէ կերպ չի անդրադարձել ուղեւորների անվտանգության վրա:
Տեղական ժամանակով 11:30-ից հետո համակարգի աշխատանքը հաջողվել է վերականգնել: Այժմ DGAC-ի մասնագետները պարզում են պատահարի պատճառները:
«Խափանման հետեւանքով հետաձգվել էին բոլոր չվերթները կես ժամից մինչեւ մեկուկես ժամ տեւողությամբ: Հաշվի առնելով ֆրանսիական օդանավակայանների երթեւեկությունը, ինչպես նաեւ չվացուցակի փոփոխությունները՝ այսօրվա ընթացքում հետաձգված թռիչքների թիվն աստիճանաբար կպակասի»,-նշում են վարչությունում:

















































