Լուկաշենկոն հայտարարել է Թուրքիայի հետ առևտրատնտեսական հարաբերություններում առկա «խառնաշփոթի» մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օգոստոսի 28-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ երկու երկրներին անհրաժեշտ է համակարգել առևտրատնտեսական հարաբերությունները և էականորեն ավելացնել ապրանքաշրջանառությունը։ Միաժամանակ նա նշել է, որ Բելառուսը «շատ լավ հարաբերությունների մեջ է Թուրքիայի Հանրապետության հետ», այս մասին տեղեկանում ենք Բելառուսի նախագահի կայքից:
Այնուամենայնիվ, նրա խոսքով, առևտրատնտեսական հարաբերություններում «ինչ-որ խառնաշփոթ» է։
Նախագահը հայտարարել է, որ ապրանքաշրջանառության ծավալների ավելացման համար գործողությունների հուսալի պլանի մշակման գործում անհրաժեշտ է ներգրավել միջկառավարական հանձնաժողովին և երկու երկրների դեսպանություններին:
«Համաձայնե՛ք, եթե մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը մեծ է, եթե մենք շատ ենք կախված մեկս մյուսից, ապա արդեն ոչ ոքի չի հաջողվի խզել այդ հարաբերությունները»,- ասել է Լուկաշենկոն:
Մևլութ Չավուշօղլուն, իր հերթին, նշել է, որ իր այցը նպատակաուղղված է Բելառուսի արտգործնախարարության հետ հստակ գործողությունների մշակմանը, որոնց շնորհիվ կհասնեն ավելի վաղ հաստատված նպատակներին։

















































