Իսրայելը «կեղտոտ խաղեր է խաղում». Չավուշօղլու
Իսրայելն ընտրություններին ընդառաջ «կեղտոտ խաղեր է խաղում»։ Այս մասին Թվիթերում գրել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով Իսրայելի հայտարարությունն այն մասին, թե միջոցներ կձեռնարկի թուրքական գործունեությունն Արեւելյան Երուսաղեմում դադարեցնելու համար, տեղեկացնում է Ahval-ը։
Ավելի վաղ Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրաել Կացը Թվիթերում գրել էր, որ հանձնարարել է իր գերատեսչությանը միջոցներ պատրաստել «Արեւելյան Երուսաղեմում Թուրքիայի սադրիչ եւ խափանարար գործունեությունը դադարեցնելու համար»։
Չավուշօղլուն պատասխանել է սեփական թվիթով՝ ասելով, որ «Իսրայելում ընտրությունների ժամանակ կեղտոտ խաղ են խաղում»։ «Երբեք չեմ դադարի աջակցել մեր պաղեստինցի եղբայրներին եւ քույրերին Արեւելյան Երուսաղեմում, Պաղեստինի մայրաքաղաքում, որը գտնվում է օկուպացիայի մեջ, եւ պաշտպանել պաղեստինցիների գործը»,- ավելացրել է Չավուշօղլուն։
Թուրքական կառավարությունը ֆինանսավորում է Արեւելյան Երուսաղեմի շատ ենթակառուցվածքային նախագծեր, թուրքական ոչ կառավարական կազմակերպությունները ֆինանսավորում են այլ նախագծեր։
Jerusalem Post-ը գրել է, որ թուրքական կառավարության ֆինանսավորումը «անհանգստացրել» է Իսրայելին, քանի որ Թուրքիայի ազդեցությունը պաղեստինցիների շրջանում մեծացել է։ Մեկ տարի առաջ «Times of Israel» թերթը տեղեկացրել էր, որ Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը մշակում է դրույթներ, որոնք սահմանափակելու են Թուրքիայի օգնության գործունեությունը Երուսաղեմում։

















































