Աշխատանքից ազատված հայերը հանդիպել են Սոչիի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ
Սոչիի միջազգային օդանավակայանի հայ աշխատակիցների շուրջ աղմուկը աստիճանաբար դադարում է: Բողոքների թիվը նվազել է:
ՌԴ-ուն ՀՀ դեսպանատունը, Սոչիի հյուպատոսարանը, որոնք զբաղվում են օդանավակայանի հայազգի աշխատակիցների հարցով, կապ են հաստատել օդանավակայանի սեփականատիրոջ, տրանսպորտի նախարարության, Կրասնոդարի մարզի իշխանությունների հետ: «Սկզբում բողոքողներից տասը հոգի էր եկել, հետո հինգ հոգի, պարզվել է, որ ինչ-որ ռուսներ են կրճատվել, ոչ միայն հայեր», - ասում է Սոչիի դիվանագիտական շրջանակին մոտ աղբյուրը:
Հիշեցնենք, որ Սոչիի օդանավակայանի 29 հայ աշխատակիցներ հայտարարությամբ էին հանդես եկել, հայտնելով, որ օդանավակայանի ղեկավարությունը հայերի նկատմամբ խտրականություն է դրսևորում և արդեն երկրորդ տարին է, ինչ աշխատանքից ազատում է ազգությամբ հայ աշխատողներին: Օդանավակայանը ազգային խտրականության վերաբերյալ այս հայտարարությունը հերքել էր, իսկ հաջորդ օրը համացանցում հայտնվեց օդանավակայանի հայ աշխատակցուհու և նրա վերադասի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում վերադասը հայուհուն ակնարկում է, որ նա սխալ ազգանուն է կրում՝ Խաչատրյան:
Մեր տեղեկություններով, երեկ հյուպատոսարանում հանդիպում էր կազմակերպվել ՌԴ պետդումայում Սոչիի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և աշխատանքից հեռացված հայերի հետ: Հանդիպմանը ընդամենը մի քանի մարդ է ներկայցել, այն էլ ուշացումով: Տեղեկությունը փորձեցինք ճշտել Սոչիի հյուպատոս Տիգրան Սարգսյանից, սակայն նա հրաժարվեց պատասխանել հարցերի. «Միայն կարող եմ վստահեցնել, որ այդ խնդրով զբաղվում են պատկան մարմինները, ընթացքի մեջ է: Ես իրավասու չեմ ավել բան ասելու»:

















































