Բորտուղեկցորդուհուն աշխատանքից հեռացրել են թռիչքի ժամանակ հարբած լինելու համար
Բորտուղեկցորդուհին ձերբակալվել է այն բանից հետո, երբ Ինդիանա նահանգի Չիկագո-Սաութ Բենդ չվերթի ուղևորները մտահոգություն են հայտնել թռիչքի ժամանակ նրա վիճակի վերաբերյալ, հաղորդում է CNN-ը:
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի բնակչուհի Ջուլիաննա Մարչն օգոստոսի 2-ին ձերբակալվել է հերթական թռիչքի վայրէջքից հետո և մեղադրվում է հարբեցողության մեջ, ասված է Սենտ Ջոզեֆի շրջանի Գերագույն դատարանի հաղորդագրության մեջ, որը ներկայացվել է հինգշաբթի:
Մեղադրական փաստաթղթում, որը ներկայացրել է դատախազի գլխավոր տեղակալ Էրիկ Թամաշասկին, ասվում է, որ Մարչի՝ թռիչքի ժամանակ հարբած լինելը «մեծ սպառնալիք է եղել այլ մարդկանց կյանքի համար»:
Air Wisconsin ավիաընկերությունն ավելի ուշ հայտարարել է, որ բորտուղեկցորդուհին այլևս իրենց մոտ չի աշխատում:
«Մենք կշարունակենք համագործակցել տեղական իշխանությունների հետ և անհրաժեշտության դեպքում կօգնենք նրանց»,- ասված է ընկերության գրավոր հայտարարության մեջ:
Թռիչքի ուղևորներից մեկը CNN-ի հետ զրույցում ասել է, որ նկատել է, որ բորտուղեկցորդուհին չի կարողանում պահել իր հավասարակշռությունը: Նրա խոսքով՝ Մարչը խուսափել է ուղևորների աչքերի մեջ նայելուց և նրա պահվածքը չափազանց տարօրինակ է թվացել։
Air Wisconsin ավիաընկերությունից հայտնել են, որ զրոյական հանդուրժողականությամբ են վերաբերում նման դեպքերին:
«Մեր բոլոր աշխատակիցները համապատասխանում են ամենաբարձր չափանիշներին, և մենք զրոյական հանդուրժողականությամբ են վերաբերում թռիչքների ժամանակ ալկոհոլի օգտագործմանը»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:

















































