Թաիլանդում բուդդայական վանականը գարեջրի շշերից ստուպա է կառուցում (լուսանկարներ)
Թաիլանդի Կո Փհանգան կոչվող կղզում բուդդայական վանականը գարեջրի շշերից և ցեմենտից ստուպա է կառուցում, հաղորդում է Thaiger ինտերնետ-պորտալը:
Քանի որ շինարարական նյութերի, օրինակ՝ աղյուսի, տեղափոխումը կղզի դժվար է, վանականը դիմել է զբոսաշրջիկների շրջանում հայտնի վայրի բնակիչներին և այցելուներին՝ խնդրելով դատարկ գարեջրի շշերը հանձնել տաճարի կարիքների համար:
Կո Փհանգան կղզում ամեն ամիս անց են կացվում հանրահայտ «Լիալուսնի խնջույքները» (Full Moon Parties), որից հետո բազմաթիվ գարեջրի շշեր են մնում: Ներկայում ստուպայի կեսը, որը կառուցվում է ցեմենտի հետ շաղախված շշերից, արդեն պատրաստ է:
Ստուպան գմբեթաձև շինություն է, որտեղ պահպանվում են բուդդայական մասունքներ, մասնավորապես մահացածների մոխիրը։ Դրանք թաիլանդական բուդդայականության անքակտելի մասն են:

















































