«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան
Թուրքիան հուսով է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի զոհաբերի երկրի հետ հարաբերություններն Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գնման պատճառով: Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Թուրքիայի անվտանգությունը նաև ՆԱՏՕ-ի և ամբողջ տարածաշրջանի անվտանգությունն է հանդիսանում: Չկա ոչ մի ապացույց, որ С-400-ները սպառնալիք են ներկայացնում (ամերիկյան F-35 կործանիչների համար): Հուսով եմ, որ Թրամփը, ճիշտ մոտեցում ցուցաբերելով С-400-ների հարցում, չի զոհաբերի մեր հարաբերությունները»,- ասել է Էրդողանն Անկարայում թուրք դեսպանների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ С-400-ների գնումը ոչ թե ռազմավարական, այլ առևտրային հարց է:
«Մենք առաջարկել ենք ԱՄՆ-ին քննարկումներ բոլոր մակարդակներում, սակայն պատասխան չենք ստացել»,- հավելել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:
Հուլիսի 12-ին ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը մատակարարվել է Թուրքիա: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը C-400 համակարգերի մատակարարման գործարքը Ռուսաստանի հետ երկրի ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիր է անվանել: Էրդողանի խոսքով՝ C-400-ների մատակարարման գործընթացը, որը մեկնարկել է հուլիսի 12-ին, կարող է ավարտվել 2020-ի ապրիլին:

















































