Չինական հայտնի լողափը հանգստյան օրերին «հեղեղվել» է տասնյակ հազարավոր այցելուներով (լուսանկարներ)
Չինաստանի Դալյան առողջարանային քաղաքի լողափը «հեղեղվել» է տասնյակ հազարավոր այցելուներով, որոնք հանգստյան օրերին լողափ են այցելել ամռան տապից զովանալու, գրում է Daily Mail-ը:
Կիրակի Ֆուձիաժուան ծովափնյա հանգստավայրում արված լուսանկարներում երևում է, թե ինչպես են տասնյակ հազարավոր այցելուներ «հեղեղել» լողափը. նրանց թվում կան ինչպես մեծահասակներ, այնպես էլ երեխաներ ու ծերեր: Լուսանկարներում երևում է, որ այցելուներից շատերը հսկայական հովանոցներով են, ինչն է՛լ ավելի է դժվարացրել մարդկանց տեղաշարժը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ անցյալ տարի լողափն ամենամարդաշատ օրն ընդունել էր գրեթե 40 000 մարդու: Dalian Evening թերթի տվյալներով՝ այս տարի Դալյանի լողափերից մի քանիսը հանգստյան օրերին այդ թվից երեք անգամ շատ այցելուներ են ունեցել՝ անոմալ շոգերի պատճառով:
Տեղի առողջարաններից մեկի ներկայացուցչի խոսքով՝ ամռան սկզբից նրանք հանգստյան օրերին օրական մինչև 60 000 այցելու են ընդունել՝ սովորական օրերին 20 000 այցելուների համեմատ:
Հաղորդվում է նաև, որ հանգստավայրի աշխատակիցները հանգստյան օրերին 5,5 կիլոմետր երկայնքով լողափի տարածքից գրեթե 20 տոննա աղբ են հավաքել:

















































