Մայք Պոմպեոն ցանկանում է այցելել Իրան՝ «իրանցի ժողովրդի հետ անմիջականորեն շփվելու»
Անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Bloomberg TV-ին տված հարցազրույցում այն հարցին, թե արդյոք կհամաձայներ հարցազրույց տալ Իրանի անգլալեզու հեռուստաընկերությանը, դրական պատասխան է տվել՝ ասելով, որ հրավերի դեպքում ուրախ կլիներ Իրան այցելել և կողջուներ «իրանցի ժողովրդի հետ անմիջականորեն շփվելու հնարավորությունը», գրում է Tehran Times-ը:
Ի պատասխան՝ Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիեյն ասել է, որ ցանկության դեպքում Պոմպեոն կարող է հարցազրույց տալ իրանցի լրագրող Մարզիեհ Հաշեմիին, որն «անհիմն մեղադրանքներով» ԱՄՆ-ում ձերբակալվել է այս տարվա հունվարին:
Ավելի ուշ Պոմպեոյի պատրաստակամությանն արձագանքել են նաև լրատվամիջոցնրերի ներկայացուցիչները: «Մենք ո՛չ հարցազրույց ենք խնդրել ԱՄՆ պետքարտուղարից, ո՛չ էլ նման մտադրություն ունենք»,- հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության հեռարձակման ընկերության փոխնախագահ և IRIB World Service ռադիոընկերության գործադիր տնօրեն Փեյման Ջեբելին:
Պետքարտուղարն իր հերթին հայտարարել է, որ ամերիկյան կողմը չի վախենում Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ ԱՄՆ այցելելուց, որտեղ նա օգտվում է խոսքի ազատության իրավունքից:
«Մի՞թե Խամենեիի վարչակարգն այնքան վատն է, որ նրանք չեն կարող ինձ թույլ տալ նույն բանն անել Թեհրանում: Ի՞նչ կլինի, եթե ժողովուրդը լսի ամբողջ ճշմարտությունը»,- թվիթերյան իր էջում գրել է Պոմպեոն:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան: Վերջերս ԱՄՆ – Իրան երկխոսությունն է՛լ ավելի լարված բնույթ է ստացել Իրանի միջուկային պայմանագրի առնչությամբ ստեղծված ճգնաժամի ֆոնին, բացի այդ՝ Միացյալ Նահանգներն Իրանին մեղադրում է ահաբեկչությանն աջակցելու և մարդու իրավունքների խախտման համար:

















































