Բորիս Ջոնսոնը խոստացել է մինչև հոկտեմբերի 31-ն իրագործել Brexit-ի գործարքը
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է Brexit-ի՝ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացին հանգուցալուծում տալ մինչև հոկտեմբերի 31-ը՝ «առանց եթեների ու բայցերի», գրում է Reuters գործակալությունը:
Վարչապետի պաշտոնում իր առաջին ելույթի ժամանակ Ջոնսոնը նշել է, որ եթե ԵՄ-ն հրաժարվի բանակցելուց, ապա Մեծ Բրիտանիան ստիպված կլինի դրա կազմից դուրս գալ առանց համապատասխան համաձայնության:
Ջոնսոնը վստահություն է հայտնել, որ առանց համաձայնության Եվրամիությունից դուրս գալու սպառնալիքը կստիպի դրա ամենամեծ ուժերին՝ Ֆրանսիային ու Գերմանիային վերանայել արդեն նախկին վարչապետ Թերեզա Մեյի՝ անցած տարվա նոյեմբերին ներկայացրած գործարքը, որը չէր արժանացել խորհրդարանի հավանությանը:
Նա խոստացել է վերջապես իրագործել խորհրդարանի՝ ժողովրդին շարունակ տրված խոստումները՝ այդպիսով երկիրը դուրս բերելով արդեն 3 տարի շարունակվող քաղաքական ճգնաժամից, որի մեջ Միացյալ Թագավորությունը հայտնվել էր 2016թ.-ին ԵՄ-ն լքելու մասին անցկացված հանրաքվեից հետո:
Ջոնսոնն արդեն նոր նախարարներ է նշանակել, որոնք հիմնականում Brexit-ի աջակիցներ են:

















































