ԱՄՆ-ն և Թուրքիան Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի կստեղծեն
ԱՄՆ-ի և Թուրքիայի զինված ուժերը մտադիր են Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծել: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Անկարայում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Սիրիայի հարցով ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հանդիպման ժամանակ:
Գոտու ստեղծման աշխատանքները սկսվել են հուլիսի 23-ին՝ Անկարայում Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության շենքում՝ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Պայմանավորվածության համաձայն՝ Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիսում կհամակարգեն քայլերը:
Նախարարությունում նշել են, որ երկու երկրների զինված ուժերն առաջիկա օրերին կշարունակեն ծրագրի շուրջ քննարկումները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան պատրաստվում է երկրի պատմության մեջ ամենամասշտաբային ռազմական գործողությանը՝ Սիրիայի հետ սահմանին շուրջ 80 000 զինվոր տեղակայելով:

















































