Թերեզա Մեյը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Մեծ Բրիտանիայի պաշտոնաթող վարչապետ Թերեզա Մեյը շնորհավորել է երկրի ապագա վարչապետ Բորիս Ջոնսոնին Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում ընտրվելու և, ըստ այդմ, իր աթոռը զբաղեցնելու կապակցությամբ: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Այժմ մենք պետք է միասին աշխատենք Brexit-ն իրականացնելու համար՝ այնպիսի ձևով, որ հարմար լինի ամբողջ Միացյալ Թագավորությանը, ինչպես նաև Ջերեմի Քորբինին (ընդդիմադիր կուսակցության առաջնորդին – Tert.am) հեռու պահենք կառավարությունից: Ես լիովին կաջակցեմ Ձեզ»,- գրել է Մեյը:
Հիշեցնենք, որ երեկ Լոնդոնի նախկին քաղաքապետ, Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնն ընտրվել է իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնում, ինչը նշանակում է, որ նա կզբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը: Ակնկալվում է, որ նա պաշտոնապես պարտականությունները կստանձնի այսօր:
Բորիս Ջոնսոնը 2008-2016թթ. Լոնդոնի քաղաքապետն է եղել, որից հետո դարձել է ԱԳ նախարար: Նա կողմ է հանդես գալիս 2019-ի հոկտեմբերից ԵՄ-ի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուն, եթե անգամ Լոնդոնը չկարողանա գործարքի մասին համաձայնության գալ Բրյուսելի հետ:

















































