ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել Կիպրոսի տարածքային ջրերում հորատումը դադարեցնել
ԱՄՆ-ն Կիպրոսի տարածքային ջրերում Թուրքիայի գործողությունները «սադրիչ քայլ» է համարում եւ Անկարային կոչ է անում հորատումը դադարեցնել, հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, որտեղ գազի հանքավայրեր են հայտնաբերվել, գտնվում են 2 թուրքական հորատման կայանքներ՝ «Ֆաթիհը» եւ «Յավուզը»: «Յավուզ» նավը շրջան է եկել երեքշաբթի: Հունաստանն ու Կիպրոսը սա սադրանք են համարում:
Օրտագուսի խոսքով՝ ԱՄՆ-ն «խորապես մտահոգված» է Կիպրոսի տարածքային ջրերում Թուրքիայի գործողություններով: «Այս սադրիչ քայլը կմեծացնի տարածաշրջանում լարվածությունը: Մենք Թուրքիայի իշխանություններին կոչ ենք անում այդ գործողությունները դադարեցնել»,- նշված է տարածված հայտարարության մեջ:
Պետքարտուղարության ներկայացուցիչը նաեւ հայտարարել է, որ նավթային ու գազային պաշարները պետք է «հավասար բաժանվեն երկու հանրույթների միջեւ»:

















































