Պատժամիջոցները խանգարում են Իրանին պայքարել ահաբեկչության և թմրանյութերի թրաֆիքինգի դեմ. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
Թեհրանի դեմ կիրառվող միակողմանի պատժամիջոցները նվազեցնում են ահաբեկչական խմբավորումների և թմրանյութերի թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետությունը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին: Փոխանցում է TACC գործակալությունը:
«Իրանն ահաբեկչական խմբավորումների և միջազգային հանցագործության զոհ է: Միևնույն ժամանակ, մենք պայքար ենք մղում այս երկու սպառնալիքների դեմ»,- ասել է Թահթ-Ռավանչին:
Նա ուշադրություն է դարձրել «միակողմանի պատժամիջոցների վնասակար ազդեցությանը, որոնք խանգարում են ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում Իրանի գործադրած ջանքերին»:
«Այն երկրները, որոնք մեր նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ են սահմանում, պետք է հասկանան, որ իրենց քաղաքականությունը լրջորեն թուլացնում է թմրանյութերի թրաֆիքինգի դեմ Իրանի պայքարի արդյունավետությունը»,- հավելել է նա:

















































