Ցիպրասը հեռանում է. Հունաստանի նախագահն ընտրություններում հաղթած ուժի առաջնորդին կառավարություն ձևավորելու մանդատ է տվել
Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը խորհրդարանական ընտրություններում հաղթած ուժի առաջնորդին՝ Կիրիակոս Միցոտակիսին, կառավարություն ձևավորելու մանդատ է տվել, հայտնում է Աթենքի АМНА գործակալությունը:
«Րոպեներ առաջ Պավլոպուլոսը կապվել է Միցոտակիսի հետ և կարգադրել նրան կառավարություն ձևավորել: Ավելի վաղ խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսը նախագահին է ներկայացրել ընտրությունների արդյունքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հուլիսի 7-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Միցոտակիսի «Նոր ժողովրդավարություն» պահպանողական կուսակցությունը ստացել է 300 հոգանոց խորհրդարանի 158 տեղերը:
Երկրում իշխող Ծայրահեղ ձախերի կոալիցիան՝ ՍԻՐԻԶԱ-ն, որը գլխավորում է Ալեքսիս Ցիպրասը, երկրորդ տեղում է՝ 86 խորհրդարանական տեղով:
Հաղորդվում է, որ վարչապետի պաշտոնը լքող Ալեքսիս Ցիպրասը վարչապետի նստավայրում ընդունել է Միցոտակիսին և նրան փոխանցել աշխատասենյակը:

















































