ԱՄՆ Ալյասկա նահանգում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել
Ամերիկյան Ալյասկա նահանգում, որի մի մասը գտնվում է Հյուսիսային բևեռային շրջանում, ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել, հաղորդում է NBC News-ը:
Հուլիսի 4-ին նահանգի ամենախոշոր՝ Անքորիջ քաղաքում ջերմաստիճանը +32 աստիճանի է հասել, մինչդեռ նորման տարվա այս եղանակի համար +18-ից +19 աստիճանն է: Մինչ այս ռեկորդային էր համարվում +29 աստիճանը, որը գրանցվել էր 1969թ.-ին: Ակնկալվում է, որ անոմալ շոգը կշարունակվի ևս մեկ շաբաթ:
Գիտնականներն Ալյասկայում տաքացումը կապում են արկտիկական սառույցների հալոցքի և Հյուսիսային սառուցյան օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացման հետ:
Տաքացումը զգալիորեն անդրադառնում է նահանգի կյանքի վրա. այնտեղ անտառային հրդեհներ են բռնկվել, տեղի իշխանությունները հետագա հրդեհներից խուսափելու համար արգելել են հրավառության նյութերի վաճառքը:
Հունիսին ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հայտնել էր, որ 2019թ.-ն անոմալ կերպով շոգ կլինի: Գիտնականները զգուշացրել են, որ օդի ջերմաստիճանի բարձրացումը կարող է հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ:

















































