Պուտինի եւ Թրամփի հանդիպումը տեւել է 1.5 ժամ
Օսակայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը տեւել է 1.5 ժամ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հանդիպումից հետո Սպիտակ տունը Twitter-ի էջում հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները համաձայնել են, որ հարաբերությունների բարելավումը բխում է յուրաքանչյուր երկրի եւ ամբողջ աշխարհի շահերից: Կողմերը քննարկել են նաեւ Իրանում, Սիրիայում, Վենեսուելայում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակը:
«Նախագահները համաձայնել են, որ երկու կողմերը կշարունակեն քննարկումները 21-րդ դարի սպառազինությունների վերահսկման մոդելի վերաբերյալ, որը, ինչպես նախագահ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, պետք է ներառի Չինաստանին», - հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, օգնական Յուրի Ուշակովը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, եւ առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:
Թրամփին ուղեկցել են պետքարտուղար Մայք Պոմպեոն, ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը, օգնական Ֆիոնա Հիլը, ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը, Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԱՄՆ նախագահի դուստր Իվանկան եւ փեսան` Ջարեդ Քուշները, ով նախագահի ավագ խորհրդականն է:

















































