Կոնգրեսական Փալոունը հայ-ամերիկյան համագործակցությունը զարգացնելու կոչ պարունակող բանաձև է ներկայացրել (տեսանյութ)
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ, Հայկական հարցերով կոնգրեսական հանձնաժողովի հիմնադիր-համանախագահ Ֆրենկ Փալոունը ներկայացրել է երկկուսակցական բանաձև, որի հեղինակները ողջունում են 2018թ. Հայաստանում արձանագրված քաղաքական խաղաղ անցումը, հայ-ամերիկյան «ռազմավարական համագործակցությունը» և կոչ են անում զարգացնել երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական ոլորտներում:
Ինչպես նշում է Asbarez-ը, բանաձևի ներկայացման հարցում Փալոունին աջակցել են Հայկական հարցերով կոնգրեսական հանձնաժողովի համանախագահներ Գուս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը, փոխնախագահներ Փիթեր Քինգն ու Ադամ Շիֆը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այս առնչությամբ իր և Միացյալ Նահանգների հայկական համայնքի անունից երախտագիտություն է հայտնել կոնգրեսական Փալոունին և նրա գործընկերներին՝ հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու երկու երկրների ժողովուրդների բարեկամության աջակցմանն ուղղված բանաձև ներկայացնելու համար:

















































