Ինչո՞ւ Պուտինը չշնորհավորեց Ուկրաինայի նախագահ Զելենսկուն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ չշնորհավորեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, երբ նա դարձավ նախագահ, ասաց.
«Նա մինչ օրս կոնկրետ հռետորաբանություն է տանում, մեզ «ագրեսոր», «թշնամի» է անվանում, պետք է որոշի՝ ինչ է ուզում, ինչ է անելու, մենք չենք հրաժարվում շփումներից»:
Հարցին՝ ինչո՞ւ չի ցանկանում հանդիպել Զելենսկու հետ՝ առանց նախապայմանների, Պուտինը պատասխանեց.
«Իսկ ես, ի՞նչ է, հրաժարվո՞ւմ եմ, ինձ ոչ ոք չի առաջարկել»:
Ճշտող հարցին՝ պատրա՞ստ է հանդիպել Զելենսկու հետ, Պուտինն ասաց.
«Ես չգիտեմ այդ մարդուն, հուսով եմ՝ երբևէ կծանոթանանք, ըստ երևույթին, նա լավ մասնագետ է այն ոլորտում, որտեղ աշխատում էր մինչ օրս: Նա լավ դերասան է, մի բան է՝ մեկի դերը տանել, այլ բան է՝ մեկը լինել: Խաղալու համար տաղանդ է պետք, հաստատ, շատ տաղանդներ, դրանցից մեկը կերպարանափոխումն է: Դու ամեն 10 րոպեն մեկ կարող ես ամպլուա փոխել, դա տաղանդ է, իսկ պետական գործերով զբաղվելու համար այլ որակներ են պետք՝ որոշակի փորձ է պետք, գիտելիքներ, գլխավոր խնդիրը տեսնելու, գտնելու, դրա լուծման գործիքները գտնելու ունակություն և այլն:
Եթե կան բոլոր մնացած հատկությունները, հնարավոր է, բայց ես չգիտեմ, նաև իրեն դեռ ոչ մի կերպ չի դրսևորել: Մենք տեսնում ենք հակասող արտահայտություններ՝ ընտրությունից առաջ՝ մի բան, հետո՝ մի այլ բան, կապրենք, կտեսնենք»:

















































