Մարգարիտա Սիմոնյանին դուրս են գրել հիվանդանոցից
«Ռուսաստանն այսօր» գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը տեղեկացրել է, որ իրեն դուրս են գրել հիվանդանոցից:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Սիմոնյանը Twitter-ում հրապարակել է դուրսգրման փաստաթղթի լուսանկարը, որում նշված է ախտորոշումը. «Հղիության ուշ ժամկետում վիժման վտանգ՝ պայմանավորված հոգեբանահուզական սթրեսով»:
«Ահա այսպիսի ախտորոշմամբ ինձ քիչ առաջ դուրս գրեցին հիվանդանոցից: Մի քանի կաթիլայիններ և խիստ բժշկական վերահսկողություն, մեծ շնորհակալություն բժիշկներին: Ներողություն եմ խնդրում բոլորից, ում հետ պետք է հանդիպեի Պետերբուրգում», - գրել է Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Մարգարիտա Սիմոնյանին հոսպիտալացրել էին գիշերը այն բանից հետո, երբ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի խմբագրությունում նրան դիմավորել էր ընդդիմադիր Լյուբով Սոբոլը՝ միացված տեսախցիկով, և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի մասին հարցեր տվել:
Չնայած մեկնաբանություններ տալուց հրաժարվելուն՝ Սոբոլը համառորեն պատասխան էր պահանջել, և Սիմոնյանի խոսքով՝ նա հետապնդել է իրեն խմբագրության միջանցքներով: Արդյունքում Սիմոնյանին բժիշկների օգնությունն է անհրաժեշտ եղել:
Ավելի ուշ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը ներողություն է խնդրել Սիմոնյանից:

















































