Վրաստանը հեշտացնում է ՆԱՏՕ-ի նավերի մուտքն իր տարածքային ջրեր
Վրաստանը մշակել է օրենսդրական փաթեթ, որը կհեշտացնի ՆԱՏՕ-ի ծովային մշտական միավորումների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի օպերատիվ ենթակայության տակ գտնվող նավերի համար Վրաստանի տարածքային ջրեր ու նավահանգիստներ մուտքի դիվանագիտական թույլտվության ստացումը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:
Համապատասխան քայլերի մշակման մասին խոսվում է 2018-2020թթ. պետական ծրագրի իրականացման վերաբերյալ տարեկան առաջին զեկույցում, որը երկուշաբթի խորհրդարանին է ներկայացրել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Ըստ Վրաստանի վարչապետ Բախտաձեի՝ վերջին շրջանում ավելացել է ՆԱՏՕ-ի նավերի այցերի ինտենսիվությունը Վրաստանի տարածքային ջրեր: Վրաստանն իր կողմից պատրաստ է զգալի ներդրում ունենալ սևծովյան ավազանի շրջանում խաղաղության և անվտանգության հարցում:
«Վրացական կողմը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում ընդունել և աջակցել դաշինքի նավերին»,- հայտարարել է Բախտաձեն:
Այս փուլում օրինագիծը համաձայնեցվում է համապատասխան գերատեսչություններում:

















































