Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցելու և Դոնբասում հակամարտության կարգավորման հարցով Մինսկի համաձայնագրերն իրականացնելու պատրաստակամության մասին:
«Մենք պատրաստ ենք բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, պատրաստ ենք իրագործել Մինսկի համաձայնագրերը, սակայն նախ մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանել մեզ և ավելի ուժեղ դառնանք տնտեսական, քաղաքական և ռազմական առումներով», - ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Բրյուսելում կայացած բանակցությունների ավարտին:
Զելենսկին ընդգծել է, որ «ցանկանում է նոր խթան տալ Ուկրաինայի մասնակցությանը դաշինքին, քանի որ ռուսական ագրեսիան շարունակում է մարտահրավեր լինել»: «Մենք հույս ունենք վերականգնել Ուկրաինա-ՆԱՏՕ երկխոսությունը երկրների ղեկավարների, վարչապետների և պաշտպանության նախարարների մակարդակով», - նշել է Ուկրաինայի ղեկավարը:
Վերջինս խոստովանել է, որ Ուկրաինան նախ պետք է բարեփոխումներ իրականացնի, որոնք թույլ կտան երկիրը մոտեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին

















































