«Ռուսաստանը հայտնել է Վենեսուելայից իր մարդկանց մեծ մասին դուրս բերելու մասին». Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հայտնել է, որ Ռուսաստանն իրազեկել է Վաշինգտոնին Վենեսուելայից «իր մարդկանց» մեծ մասին դուրս բերելու մասին:
«Ռուսաստանը հայտնել է մեզ, որ իրենք Վենեսուելայից դուրս են բերել իրենց մարդկանց մեծ մասին»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Նա չի պարզաբանել՝ ում մասին է խոսքը, սակայն, հավանաբար, նկատի է ունեցել ռազմական մասնագետներին:
Ավելի վաղ The Wall Street Journal թերթն անանուն աղբյուրի հղումով գրել էր, որ Վենեսուելայում ռուս մասնագետների թիվը «կրճատվել» է՝ հասնելով մի քանի տասնյակի: Թերթի տվյալներով՝ այդ մարդիկ «Ռոստեխ» ընկերության մասնագետներն են, որոնք Վենեսուելայում են տեղացի զինվորականների վերապատրաստման և սպառազինությունների մատակարարումների վերաբերյալ խորհրդակցությունների համար:
Վենեսուելայում ՌԴ դեսպան Վլադիմիր Զայեմսկին հերքել է ռուս մասնագետների հետկանչի մասին տեղեկությունը՝ այն անվանելով «լուր», որը «չի համապատասխանում իրականությանը»:

















































