Թուրքմենստանում դաջվածքների վարպետների «որս» է սկսվել
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում դաջվածքների վարպետների «որս» է սկսվել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ինչպես հայտնել են լրատվամիջոցի աղբյուրները, վերջին տասը օրերին ոստիկանները փողոցներում կանգնեցնում են դաջվածք ունեցող մարդկանց, նման մարդկանց փնտրում սրճարաններում և մարզասրահներում: Նրանց հարցնում են՝ որտեղ են արել դաջվածքը: Աղբյուրները պատմել են, որ դաջվածք ունեցող երիտասարդներից մեկը չի բացահայտել իր վարպետի անունը, ինչի պատճառով նրան մեկուսարանում են պահել 3 օր:
Թե ինչ է արվում «բացահայտված» վարպետների հետ՝ չի նշվում: Սակայն նշվում է, որ խնդիրների են բախվել անգամ էլիտար սրահները, որոնք պատկանում են քաղաքական գործիչների կամ իշխանությունների հետ կապ ունեցող գործարարների:
Աղբյուրների համաձայն՝ Թուրքմենստանում այս գործունեության լիցենզավորում երբեք չի իրականացվել: Այդ իսկ պատճառով սրահների սեփականատերերը նույնիսկ տեսականորեն չեն կարող պնդել իրենց իրավունքների պահպանման հարցում:

















































