Սիրիայում հայ մասնագետները վիրահատել են մոտ 400 հիվանդի
Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 30-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 33 հազար 400 քմ տարածք են ականազերծել: Այս մասին տեղեկացնում է Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ–ը։
Մարդասիրական խմբի բժիշկները վիրաբուժական բնույթի օգնություն են ցուցաբերել 394 հիվանդի, թերապևտիկ բնույթի բուժօգնություն է ստացել 801 քաղաքացի, 1354 կլինիկալաբորատոր հետազոտություն է իրականացվել:
Բուժօգնություն ստացած քաղաքացիների թվում շատ են երեխաները: Սիրիայի բնակիչները պարբերաբար երախտագիտություն են հայտնում հայ մասնագետներին՝ կարևոր առաքելության համար՝ այն որակելով եղբայրական աջակցություն: Մարդասիրական առաքելությունը շարունակվում է:

















































