Սաակաշվիլին հայտարարել է, որ Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունները հնարավոր կդառնան միայն Միխայիլ Գալուստյանի՝ ՌԴ նախագահ դառնալու պարագայում
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական «Наш» հեռուստաալիքի եթերում հայտնել է, թե որ պարագայում Մոսկվան և Կիևը կկարողանան բանակցություններ վարել:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Սաակաշվիլին տեղեկացրել է, որ Կիև ժամանելուն պես իրեն դիմավորել են ռուս լրագրողները, որոնք ցանկանում էին իրեն մի քանի հարց տալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասին:
«Ես ասում եմ՝ ընկերներ, դուք ունեք ընկեր Գալուստյանին (Միխայիլ - Tert.am)»,- մեկնաբանել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ երկխոսությունը հնարավոր կդառնա, երբ Միխայիլ Գալուստյանն առաջադրվի ՌԴ նախագահական ընտրություններին։
Նա նշել է, որ ժողովուրդը կքվեարկի նրա օգտին, ապա ավելացրել. «Դրանից հետո կխոսեք մեզ հետ»:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Ուկրաինա է վերադարձել նախօրեին, որից մեկ օր առաջ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին վերադարձրել է նրա քաղաքացիությունը:

















































