Ղազախստանում հայերին սպառնացող ոստիկանն ազատվել է պաշտոնից
Ղազախստանում ոստիկան Բաուիրժան Խանտեմիրովը ազատվել է պաշտոնից սոցցանցերում նրա հետ կապված սկանդալային տեսագրության տարածումից հետո. Խանտեմիրովը Նուրսուլթանի ոստիկանության վարչության Ճանապարհապարեկային գնդի հրամանատարի պաշտոնակատարն էր, գրում է NUR.KZ-ը։
Ոստիկանության վարչության մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ ոստիկանի հանդեպ ծառայողական ստուգում է իրականացվել։
«Կարգապահական հանձնաժողովի որոշմամբ՝ պաշտոնատար անձանց կողմից անձնական օգտագործման բջջային սարքերի օգտագործման արգելքի մասին պահանջների խախտման պատճառով ոստիկանության աշխատակիցն ազատվել է պաշտոնից»,- տեղեկացրել են մամուլի ծառայությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ սոցցանցերում տարածվել էր տեսագրություն իբր Խանտեմիրովի ձայնով, նա կոչ էր անում կազմել արձանագրություն «հայկական մեքենաների» վրա։ Խանտեմիրովը սպառնացել է հայերին, նա ասել է, որ եթե «հայկական մեքենաների վրա արձանագրություն չկազմվեր», առավոտյան դասակների բոլոր հրամանատարները պետք է ներկայանային բացատրագրերով։

















































