ԿԳ նախարարը ծանոթացել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկած «Հեղինակային կրթական բաց ցանցի բաց լաբորատորիա» ստեղծագործական հավաքի աշխատանքներին
ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսօր մեկնարկել է «Հեղինակային կրթական բաց ցանցի բաց լաբորատորիա» ստեղծագործական հավաքը: Վերջինիս աշխատանքներին տեղում ծանոթացել և հավաքի մասնակիցների հետ զրուցել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է ԿԳ նախարարության լրատվական բաժինը:
Ողջունելով ներկաներին՝ նախարարը կարևորել է նորարարությունների դերը ներկայիս դարաշրջանում. «Կրթական հաստատությունների լավագույն փորձը պետք է համակարգված փոխանցվի այլ դպրոցների: Վստահ եմ, որ այս օրերը սիրով եք հիշելու և անընդհատ պահանջելու եք դրանց կրկնությունը»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ հավաքի մասնակիցներին մաղթելով հետաքրքիր և արդյունավետ աշխատանք:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն իր հերթին նշել է, որ գործընկերությունը կարող է լավ հիմք հանդիսանալ՝ կրթության ոլորտում իրականացվող փոփոխություններն արագացնելու, այդ գործում դպրոցներին և ուսուցիչներին ներգրավելու տեսանկյունից: «Այստեղ չկա սեբաստացի և ոչ սեբաստացի, կա մանկավարժություն, որը բոլորին միավորում է»,-նշել է նա:
Արայիկ Հարությունյանը նաև շրջել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ծանոթացել կրթահամալիրի նյութատեխնիկական բազային և իրականացվող կրթական ծրագրերին:
Նշենք, որ ստեղծագործական հավաքին մասնակցության համար Երևանից և ՀՀ մարզերից հայտագրվել էին կրթահամալիրի գործընկեր, հեղինակային կրթական ծրագրի ցանցում ներառված, դրանով հետաքրքրված դպրոցների, մանկապարտեզների և այլ հաստատությունների շուրջ 140 մանկավարժական աշխատողներ: Նրանք երկու օր կրթահամալիրի հանրակրթական վեց դպրոցներում, քոլեջում և ուսումնական կենտրոններում կծանոթանան իրականացվող հեղինակային կրթական ծրագրի մշակման, կազմակերպման և տարածման բաց միջավայրին, գործընկերություն-համագործակցություն բաց հարթակներին՝ ֆիզիկական և մեդիա միջավայրերում: Հավաքի մասնակիցները կծանոթանան նաև ցանցային կազմակերպմամբ հեղինակային մանկավարժության յուրացման և դրա համար անհրաժեշտ աշխատանքներին:
Հավաքը կշարունակվի նաև վաղը՝ ապրիլի 27-ին:
Ստեղծագործական առաջիկա հավաքներին նախատեսվում է ուսումնական-ստուգատեսային բաց ճամբար-դպրոցների, ինչպես նաև քանդակագործության և ճաւտարապետության միջազգային բաց փառատոնի անցկացում Երևանում, Իջևանում և Արատեսում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը