Դասից փախան, բայց վախեցան հետ եկան
Ազգային ժողովի իմքայլական պատգամավորները չեն դադարում զարմացնել: Երբ հանրությունը մտածում է, թե նրանք սպառել են զարմացնելու պաշարը, նրանք կրկին անակնկալ են մատուցում եւ զարմացնում:
Հիմա էլ դպրոցահասակ երեխաների նման Ազգային ժողովի իմքայլական պատգամավորների մի ստվար խումբ, հավանաբար օգտվելով Նիկոլ Փաշինյանի երկրից բացակայելուց, որոշեցին դասի չնստել, ավելի ճիշտ չգնալ խորհրդարանի նիստին եւ էքսկուրսիա գնալ Արցախ:
Բայց ինչպես դպրոցում են լինում օրինակելի աշակերտներ, այնպես էլ ներկայիս խորհրդարանում գտնվեցին պարտաճանաչ պատգամավորներ, իհարկե, ոչ կառավարող խմբակցությունից, որոնք աղմուկ աղաղակ բարձրացրին, որը հասավ որտեղ պետք է, որից հետո տեղի ունեցավ երկրորդ զարմանահրաշ իրադարձությունը: Դասից, ավելի ճիշտ նիստից փախած աշակերտները ինչ-որ մեկի զանգից վախեցած, ճիշտ եւ ճիշտ վախվորած դպրոցականների նման մեծ արագությամբ հետ շրջվեցին եւ կարմրած թշիկներով հասան դպրոց, ներողություն Ազգային ժողով:
Նիստը կայացավ, բայց հիմա հարց է առաջանում, իսկ ե՞րբ է տեղի ունենալու ծնողական ժողովը:
Աննա Բաղդասարյան
Top-News.am

















































