Անցյալը փորփրելու ծանր հետեւանքները
Երբ ինչ-որ մեկի փայլուն ուղեղում միտք առաջացավ ուժեղացնել ճնշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ եւ փորփրել 1998թ. նախագահական ընտրությունները, հավանաբար չէր ենթադրում, թե դա ինչ հետեւանքներ կունենա:
Ի վերջո, այդ ընտրությունները կազմակերպողների, անցկացնողների, ձայները հաշվողների մեջ քիչ չեն նրանք, ովքեր այսօր Նիկոլ Փաշինյանի թիմում են, ովքեր կարկառուն ՀՀՇ-ականներ էին: Ի վերջո 1998թ. փետրվարին Ռոբերտ Քոչարյանը չէր կարող հզոր եւ բազմահազարանոց թիմ ունենալ, որոնք կկեղծեին ընտրությունների արդյունքները:
Սա «փայլուն» գաղափարի հեղինակի առաջին կոպիտ վրիպումն էր: Երկրորդ վրիպումը ոչ պակաս ծանր է: Հիմա քիչ չեն նրանք, ովքեր պահանջում են փորփրել 1995թ. խորհրդարանական ընտրությունները, Սահմանադրական հանրաքվեն, 1996թ. նախագահական ընտրությունները:
Եւ ի՞նչ ստացանք անցյալը փորփրելուց: Միայն բացասական էներգետիկ դաշտ, միայն բացասական լիցքեր, միայն թշնամանքի եւ ատելության ավելացում, միայն հակամարտ տարբեր ճամբարների միջեւ ավելի սուր պայքար:
Այնպիսի տպավորություն է, որ կա մի անտեսանելի ուժ, որը մեզ պարտադրում է կործանարար օրակարգեր: Փոխանակ մտածենք երկիրը զարգացնելու մասին, փոխանակ խթանենք նոր ծրագրերի մշակումը, զբաղված ենք քայքայիչ գործունեությամբ: Հավատացեք, այսպես երկար չենք ձգի:
Հակոբ Ասատրյան
Top-News.am

















































